Գյումրի՝կինոյի սիրտ

Աղբյուրի հեղինակ՝ լրագրող Արփինե Արզումանյան։

Գյումրիի պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը քաղաքի այցեքարտն են, սակայն այդ շինություններն այսօր վտանգված են, դրանց ճակատագիրն անորոշ է:

1982 թվականին ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ՝ Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրիի՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն այսօր էլ այցելուներ են հրապուրում:

Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:

Չնայած այս հանգամանքին, «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգո» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) ֆիլմերում նկարահանված երեք շենք քայքայման և փլուզման եզրին է:

«Հոլիվուդի բակը»Նախկին Գորկի 22, այժմ` Շիրազի 22


Գյումրեցիները հայկական 3 ճանաչված ֆիլմերի նկարահանման հրապարակ հանդիսացած վայրն անվանել են «Հոլիվուդի բակ»: Տարբեր ժամանակներում 3 ֆիլմ է նկարահանվել այստեղ ՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»: 

«Հոլիվուդյան» շենքը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա գնդապետ Վեքիլյանին: Գնդապետը սենյակների մի մասը վարձակալությամբ է տվել՝ հիմնականում 1840-50 թվականներին Գյումրիում հյուրընկալվող ռուս գործիչներին:

Հայտնի բակում շուրջ տասը ընտանիք է բնակվում: Բնակիչներն ասում են, որ թեև բակը Գյումրիի ճանաչված ու այցելվող վայրերից է թե հայաստանցի, թե արտասահմանցի զբոսաշրջիկների համար, բնակելի հատվածը քայքայված վիճակում է. շենքը ոչ նորոգվում է, ոչ էլ ` պահպանվում:

62-ամյա Սոնա Հարությունյանի ընտանիքը 30-ական թվականներից ապրում է Շիրազի 22 շենքում, -պատմում է լրագրող Արփինե Արզումանյանը։ Ներկայացնելով շենքի վիճակը՝ Սոնա Հարությունյանը նշում է, որ մի քանի բնակիչ սեփական միջոցներով կարողացել են տանիքի մի մասը նորոգել: Մասնակի նորոգումը քիչ բան է փոխել: Շենքն ընդհանուր ամրացման և կապիտալ վերանորոգման կարիք ունի:

«Վառեմ-մարեմ»-ի պատշգամբ՝ Աճեմյան 2

Խորհրդային տարիներին տարբեր հանրային նշանակության միջոցառումների համար գործածվող շենքում 1984-85թթ. նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ամենահիշված տեսարանները:

Շենքը կառուցվել է 1860-ականներին և պատկանել առեւտրականներ Աբովյաններին ու Խոյեցյաններին: Ավելի ուշ կառույցը համալրվել է տարբեր շինություններով, որոնցից մեկը ռուսական բանակի կապի հանգույցն էր և Ալեքպոլի (Գյումրիի հին անվանումներից է-խմբ.) նախկին քաղաքային փոստատունը:

Ֆիլմի նկարահանումից հետո «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի տարածքում գտնվող շենքի պատշգամբը գյումրեցիների կողմից այլ հասցե և անվանում ձեռք բերեց՝ «Վառեմ-մարեմի բալկոն»։ 1988-ին շենքը մասամբ վնասվել է երկրաշարժից: Ի տարբերություն «Հոլիվուդյան բակի» շենքի, այս կառույցն արդեն ամբողջությամբ փլուզման եզրին է, քանի որ 88-ից հետո լքված է,ոչ մի խնամք չի իրագործվել:

Մի քանի տարի առաջ շենքի մի հատված նորոգվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։ Խոստացվել էր, որ շինության մյուս հատվածներն էլ կնորոգվեն, սակայն նոր աշխատանքներ չեն կատարվել։

«Վարդուշենց տունը»

73-ամյա Թամարա Սիմոնյանի ընտանիքի՝ 22 տարի առաջ գնած բնակարանը «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի է որպես «Վարդուշենց տուն»:

Տունը գրեթե չի ձևափոխել ոչ դրսից, ոչ էլ ներսից. անգամ ֆիլմում երևացող պատից կախված գորգն է պահպանվել: «Վարդուշենց տունը» հաճախակի է այցելուներ ընդունում:

Թեև տունը վերանորոգման կարիք ունի, ֆինանսական դժվարությունների պատճառով ոչինչ չի արվում: Այնուամենայնիվ, տիկին Թամարան պատրաստակամությամբ դիմավորում է Գյումրի եկող և «Վարդուշենց տունը» տեսնել ցանկացող այցելուներին, սուրճ առաջարկում և պատմում տան այն հատվածների մասին, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումները:

«Հին օրերի երգը»


Գյումրիի Թումանյան-Ջիվանի փողոցների խաչմերուկ,Կումայրի արգելոց պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի տարածքում է գտնվում նաև «Հին օրերի երգը» ֆիլմից հայտնի շենքը:

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s