Կինոփառատոնի գերնպատակն է այսօրվա կինոն և նրա զարգացումը տարածաշրջանում։
Մեր տարածաշրջանն ունի ակնհայտ խնդիրներ ֆիլմարտադրության ոլորտում և չափազանց կարևոր է շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոգործիչների հետ։
Կինոփառատոնը ծրագրել է աշխարհի տարբեր ծայրերից հրավիրել ֆիլմարտադրության ոլորտի ներկացուցիչներին և ծավալել տարատեսակ միջոցառումներ, ներգրավել ոլորտի ուսանողներին այդ միջոցառումներում և տրամադրել հարթակ իրենց առաջին քայլերը ներկայացնելու համար։
Յուրաքանչյուր հասարակություն հանդիսանում է տվյալ ժամանակաշրջանի, բնակավայրի և արժեհամակարգի ծնունդ։ Պետք է նշել, որ հասարակության ձևավորման համար շատ կարևոր է մշակութային ժառանգությունը՝ թե նա ինչպիսի՞ վերաբերմունք ունի առաջին հերթին իր սեփական արմատներին ու մշակույթին և թե ինչպե՞ս է կարողանում գնահատել, ընկալել, հարգել այլ ազգի մշակութային արժեքները։
Ֆիլմը, լինելով ձայնային և վիզուալ պատկերների համակցում, շատ ավելի խորն է թափանցում մարդու ենթագիտակցության մեջ և ձևավորում աշխարհընկալում։
Սոսե միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի շնորհիվ հասարակությունը առնչվում է կառուցողական համամարդկային արժեհամակարգին։
«Սոսե» Միջազգային Կինոփառատոնը կրում է հայուհի Սոսե Մայրիկի անունը /Սոսե Վարդանյան/։
Արձանիկը պատկերում է կնոջ մարմինը՝ իր ողջ բովանդակությամբ։ Այն միաժամանակ կնոջ կոնքն է՝ խորհրդանշելով նրա հմայքը, կանացի էներգիան և կինն է հղիության շրջանում՝ խորհրդանշելով կյանքը շարունակելու նրա առաքելությունը։ Արձանի հեղինակ՝ Արմեն Սահակյան։
Աղբյուրը՝ պաշտոնական կայքից։