Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (ռուս.՝ Ирония судьбы, или С лёгким паром!), 1975 թվականին նկարահանված երկսերիանոց խորհրդային ֆիլմ, ռեժիսորն է Էլդար Ռյազանովը։
Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1976 թ. հունվարի 1-ին հեռուստատեսությամբ ժամը 17։45-ին։ Առաջին ցուցադրության հեռուստադիտողների քանակը գնահատվում է մոտ 100 միլիոն մարդ, իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմը կրկին ցուցադրվել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։
Ֆիլմը ցուցադրվել է նաև կինոթատրոններում, ունենալով մոտ 7 միլիոն հանդիսատես, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
Արդեն երկար տարիներ այս ֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ-ում ամանորյա օրերին, ինչպես նաև ցուցադրվում է նաև հետխորհրդային շատ երկրներում, ֆիլմը համարվում է ԽՍՀՄ ամենաշատ դիտված ու սիրված ֆիլմերից մեկը։
Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան և Նադյան իրար են հանդիպում ամանորին զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան ըստ ավանդույթի ընկերների հետ ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները նրան շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ (ներկայումս Սանկտ Պետերբուրգ), որտեղ նա տաքսիով իր Մոսկվայի բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը մտնում Նադյայի բնակարան և քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու, և դրանից էլ սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները ։
Փաստեր
- 2007 թվականին ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովը նկարահանել է ֆիլմի սիքվելը՝ «Ճակատագր հեգնանք. Շարունակություն»
- 2013 թվականին Հնդկաստանում նկարահանվել է «Ես սիրում եմ Նոր Տարին» անվանումով ֆիլմ, որի սյուժեն միանգամայն համահունչ է խորհրդային ֆիլմի սցենարին, Մոսկվայի ու Լենինգրադի փոխարեն ընտրվել են ամերիկյան քաղաքներ Չիկագոն ու Նյու Յորքը, սակայն հնդկացի պրոդյուսերները չեն նշել Ռյազանովի ֆիլմի մասին: